ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վեց տարի առաջ կապիտուլյացիայով սկսված գործընթացի նպատակը Հայաստանի պետականության վերաձևավորումն է

Վեց տարի առաջ կապիտուլյացիայով սկսված գործընթացի նպատակը Հայաստանի պետականության վերաձևավորումն է
09.11.2026 | 10:02


2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանի քաղաքականությունը զարգացել է բավական հստակ տրամաբանությամբ․ յուրաքանչյուր ձեռքբերումից հետո Ալիևը բարձրացրել է նոր պահանջ, իսկ Հայաստանի իշխանությունները հերթական զիջումը ներկայացրել են որպես խաղաղության հասնելու անհրաժեշտություն։
Սկզբում Ադրբեջանը ստացավ պատերազմի արդյունքում գրավված տարածքները և Արցախի հարակից շրջանները։ Հետո օրակարգ մտան հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողության հարցը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» և Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ նոր պահանջները։ 2022 թվականի Պրահայի պայմանավորվածություններից հետո Արցախի հարցը փաստացի դուրս մնաց բանակցային օրակարգից, իսկ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը վերացրեց Արցախի հայկական պետականությունը՝ հանգեցնելով հայ բնակչության բռնի տեղահանմանը։
Դրան հաջորդեցին Տավուշի սահմանային զիջումները, ադրբեջանական անկլավների վերադարձի պահանջը, «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի տարածքով հաղորդակցությունների նոր պայմանավորվածությունները։ Այժմ Բաքվի գլխավոր նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։
Այս հաջորդականության մեջ առանցքային է մի հանգամանք․ Ալիևի պահանջների առարկան աստիճանաբար փոխվել է։ Սկզբում նա պահանջում էր ամրագրել պատերազմի արդյունքները, այնուհետև՝ Հայաստանի կողմից ընդունել այդ արդյունքներից բխող քաղաքական իրողությունները, իսկ այժմ հասել է Հայաստանի պետականության սահմանադրական հիմքերին։
Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները։ Սրանում համոզվելու համար բավական է ուսումնասիրել 2020 թվականի կապիտուլյացիայից հետո տեղի ունեցածը։ Այդ պահանջներն արդեն իսկ առկա են՝ տարածքային, սահմանային, հաղորդակցային և անվտանգային բնույթի։ Դրանք պետք է ամրագրվեն Նիկոլի նախաձեռնած նոր՝ Սահմանադրության մեջ և ամեն գնով կյանքի կոչվեն։
Ըստ էության՝ Ադրբեջանի պահանջների հետևողական ընդլայնումը ցույց է տալիս, որ Ալիևը ձգտում է իր ռազմական ու դիվանագիտական ձեռքբերումները վերածել Հայաստանի համար պարտադիր քաղաքական և իրավական պայմանների։ Իսկ Փաշինյանի իշխանությունը սեփական որոշումներով ճանապարհ է բացում այդ պահանջների իրականացման համար։
Վեց տարի առաջ կապիտուլյացիայով սկսված գործընթացի նպատակը Հայաստանի պետականության վերաձևավորումն է՝ այնպես, որ Ադրբեջանի պահանջներն աստիճանաբար դառնան ՀՀ ներքին քաղաքականության և իրավական կարգավորումների հիմքը։
Ի՞նչ է ստացվում. եթե յուրաքանչյուր զիջում ծնում է նոր նախապայման, ապա ո՞րն է լինելու այդ շղթայի վերջին օղակը։ Եվ որքա՞ն պետական ինքնիշխանություն է դեռ պատրաստ զիջել ՀՀ կոլաբորանտ իշխանությունը՝ Ալիևի հետ համաձայնության հասնելու համար։

Արմեն Հովասափյան
Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ